Հայկական PR մրցանակաբաշխությունն ազդարարում է հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի 2021 թվականի հետազոտությունների արդյունքների ամփոփումը:
Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությամբ ավանդական դարձած PR մրցանակաբաշխության նպատակն է կարևորել և գնահատել Հայաստանում հաղորդակցությունների ոլորտում արձանագրված ձեռքբերումները: Այսօր առավել քան երբևէ պետք է կարևորել գրագետ հաղորդակցությունն ու փոխհարաբերությունները՝ նպաստելով պետական ինստիտուտների, հանրային կառույցների զարգացմանը:
Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ «Հետազոտական խմբի համար կարևորվել են որակական և քանակական վերլուծությունների մեթոդաբանության կիրառումը: Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում հասարակության և պետական մարմինների միջև տեղի է ունեցել փոխհամագործակցության և վստահության մակարդակի անկում, ինչը ձևավորել է անտարբերության մթնոլորտ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Տեղեկատվական հասարակության պահանջներն այլ են՝ պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվության մատչելիություն և մշակվող ու կայացվող որոշումների մասնակցայնություն և հրապարակայնացում: Ըստ մեր ուսումնասիրությունների՝ խախտվել է հասարակության ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հաղորդակցությունը տեղի է ունեցել ուղղահայաց, արդյունքում հետադարձ կապի մեխանիզմները կրճատվել են: Ոչ գրագետ հաղորդակցության պատճառով Հայաստանում տարբեր ոլորտներում առաջացել են ճգնաժամային իրավիճակներ, ինչը բերել է և՛ ներքին, և՛ արտաքին հակամարտությունների, որոնց արդյունքում մասնավորապես տնտեսության, առողջապահության, դիվանագիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև ռազմական ոլորտերում առաջացել է խորը ճգնաժամ: Ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ՝ արտաքին և ներքին հաղորդակցական խոչընդոտների նախապայմաններ»:
Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:
Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է: Անդամներն են՝ Հրաչուհի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը («GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր, ամերիկահայ PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ), Լիլիթ Շաքարյանը (ԵՊՀ Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս, սոցիոլոգ), Աշոտ Ալեքսանյանը (ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական ՓԻ Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար):
Հետազոտությունների ամբողջական արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն գիտական հոդվածի տեսքով, իսկ մինչ այդ Հայկական PR մրցանակաբաշխությունն արժևորում է լավագույններին:
Հայկական PR մրցանակաբաշխության լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ կառույցներն ու անհատները.
Տարվա պետական կառույց՝
· ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
· ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
· ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Արմեն Թաթոյանի դերն հատուկ ընդգծված էր հարցումներում) (Հաղթող)
Տարվա հրապարակային գործիչ՝
· Արփինե Հովհաննիսյան (Հաղթող)
· Գեղամ Մանուկյան
· Տիգրան Աբրահամյան (Հաղթող)
Տարվա քաղաքական գործիչ՝
· Նիկոլ Փաշինյան
· Վազգեն Մանուկյան
· Ռոբերտ Քոչարյան (Հաղթող)
Տարվա PR պատասխանատու՝
· ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյան (Հաղթող)
· Անուշ Բադալյան (Շենգավիթ Բ/Կ)
· Լուսինե Մարտիրոսյան (ՀՀ արդարադատության նախարարություն)
Տարվա ԶԼՄ՝
· Առավոտ օրաթերթ. Կյանքը սահմանի եզրին (Հաղթող)
· Երկիր մեդիա. Երկիրը երկիր է
· Շողակաթ. Մեր գյուղի եկեղեցին
Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝
· «Ալիք»
· «Ազդակ» (Հաղթող)
· «Ноев ковчег»
Տարվա մշակութային PR`
· «Ֆրեսկո» միջազգային փառատոն
· Հովհաննես Թումանյանի թանգարան (Հաղթող)
· Ազգային պատկերասրահում Դալի և Պիկասո ցուցադրություն
Տարվա նախաձեռնություն՝
· Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում․ «Մուղդուսյան» արվեստի կենտրոն
· Թիկունքը մշակույթ․ ՀՀ ԿԳՄՍ
· Տերյան մշակութային կենտրոնի «Պատրաստում են արցախցիները» ծրագիրը (Հաղթող)
Տարվա իրադարձություն՝
· Դրոն շոու Հայաստանում․ Evocabank
· Վիրտուալ երթ․ Ցեղասպանության 105 տարելիցին նվիրված միջոցառումներ․ ՀՀ կառավարություն
· Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակի թողարկում` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան (2016-2021), արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ (Հաղթող)
Տարվա ճգնաժամային կառավարում՝
· Ճգնաժամը Ucom-ում. Գալաքսի ընկերությունների խումբ (Հաղթող)
· Covid-19 համավարակ․ ՀՀ առողջապահության նախարարություն
· Ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ
Տարվա կորպորատիվ PR`
· «Արմենիա Վայն» ընկերություն (Հաղթող)
· Վիվա-ՄՏՍ
· Այ-Դի բանկ
Տարվա նորարարական PR`
· Krisp(իրական ժամանակում ձայնի կողմնակի աղմուկից մաքրման տեխնոլոգիա)
· Renderforest (Տեսանյութերի, վիզուալ հաղորդակցության առցանց հարթակ)
· Robin Robot (առաջին հայկական AI ռոբոտ) (Հաղթող)
Տարվա PR տեխնոլոգիա՝
· «Իշխանություն» ֆիլմ
· «Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան»․ Ռուբեն Մխիթարյանի տեսանյութերի շարք
· ԱրմՔոմեդի երգիծական-քաղաքական հաղորդում (Հաղթող)
Հայկական բրենդ՝
· PicsArt
Հատուկ մրցանակ՝
· Կին բարեգործ և բարերար Նատալյա Ռոտենբերգ
Հայաստանի բարեկամ՝
· Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտ (Հաղթող)
· Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերս (Հաղթող)
Comments