top of page

ՄԻՊ Արման Թաթոյանը PR դպրոցի ուսանողներին հանձնեց ավարտական դիպլոմները


PR դպրոցի 8-րդ հոսքի վերջին հանդիպումը վարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Դպրոցի ուսանողները ծանթացան կառույցի ձեռքբերումներին, գործի դժվարություններին և առանձնահատկություններին, հարաբերություններ ձևավորելու նուրբ արվեստին, ինչպես նաև փորձեցին պարզել պրն․ Թաթոյանի անձնական հաջողության գաղտնիքները։

«Երբ ես ընտրվեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, երկու տարբերակ ունեի․ կա´մ պետք է պոպուլիզմով զբաղվեի՝ ինձ համար ապահովելով հասարակության շրջանում դրական վարկանիշ, բայց երկարաժամկետ հեռանկարում կործանեի կառույցի հեղինակությունը, կա´մ պետք է ընտրեի դժվար ճանապարհը՝ պրոֆեսիոնալ աշխատանքը։ Ես, իհարկե, ընտրեցի երկրորդը, և այդ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք միջազգային բարձր հեղինակություն, ակտիվորեն ներգրավված ենք օրենսդրության կատարելագործման ոլորտում, ինչպես նաև տարեցտարի ավելի բարձր ցուցանիշներ ենք արձանագրում դրական լուծում ստացած գործերի թվով»,-պատմեց Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կամ օմբուդսմանի առաքելությունը պահանջում է աշխատանք պետական բոլոր մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ։

«Դիմողի հայտնած տեղեկության գաղտնիությունը, աշխատանքի օբյեկտիվությունը և անկախությունը մեզ համար հիմնարար արժեքներ են։ Մարդու իրավունքների պաշտպանի արդունավետ աշխատանքի կարևոր գրավական է իրավունքի խախտման հանդեպ անհանդուրժողականությունը, այդ խախտումը վերացնելու հարցում հետևողականությունը և լուծմանը նպաստելը»,- մանրամասնել է Արման Թաթոյանը։

PR դպրոցի շրջանավարտները մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր ուղղեցին Պաշտպանին, իսկ հանդիպման ավարտին Արման Թաթոյանը և Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ավարտական դիպլոմներ հանձնեցին PR դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հանրային կապերի ոլորտում։


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page